ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ «ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԻ» ՆՈՐՄԱԼԱՑՆԵԼՈՒ ԿՈՉ ԱՐԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
-
«Ազգը» նախորդ համարում անդրադարձել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջին հանդիպումներին: Երեկ թուրքական թերթերը վերստին արծարծեցին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ հանդիպումների հարցը, հայտնելով մինչ այդ շրջանցվող մանրամասները: Խոսքը տվյալ դեպքում «Միլիեթի» եւ «Զամանի» մասին է: Այս երկու թերթերն էլ նշում են, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հանդիպելով Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի հետ, պետքարտուղար Քլինթոնը այս երկու նախարարներին ասաց. «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը պետք է իրականացվի առանց նախապայմանների եւ ընդունելի ժամկետում»:
Իսկ ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հետ հարաբերությունների գծով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը նշեց, որ երկկողմ հարաբերությունների նորմալացումը դժվարություններ է հարուցում երկու երկրների կառավարություններին, ապա եւ ավելացրեց. «Սակայն այս հարցը չպետք է պայմանավորվի ուրիշ խնդիրներով, այլ պետք է շարունակել բռնած գիծը: Կարծում ենք, Թուրքիայի նախագահի Հայաստան այցին ի պատասխան ֆուտբոլային հաջորդ հանդիպման համար (ՀՀ նախագահ Սարգսյանի) Թուրքիա մեկնելը ցանկալի իրողություն է: Դա կլինի դրական ազդանշան եւ կապացուցի երկու երկրների մերձեցման պատրաստակամությունը»:
|