""

 

Welcome To Otarutyun.net | Login
 
 

Our Poll

Inch kuzenak Avelacnenk Otarutyunum
Total of answers: 172

 

Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Current Position

N
A
R
E
K
Main » Files » News

Հրատարակված է Հոկտեմբեր 07, 2009
07.10.2009, 15:31
ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Հոկտեմբերի 2-3-ը Նախիջևանում տեղի ունեցավ թյուրքախոս ժողովուրդների նախագահների 9-րդ գագաթաժողովը, որին մասնակցում էին Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղըզստանի նախագահները, իսկ Թուրքմենստանը ներկայացնում էր փոխնախագահ Հըդըր Սափարալիևը:

Ուշագրավ է, որ մինչ այս տեղի ունեցած բոլոր հանդիպումներին մասնակցել է Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետության նախագահը, իսկ այս՝ 9-րդ հանդիպմանը ինքնահռչակ հանրապետությունը որևէ կերպ ներկայացված չէր: Սա որոշ թուրք վերլուծաբաններ կապում են ներքին պայմանավորվածության հետ:

Հանդիպման օրակարգում են եղել ընդհանուր այբուբենի, բառարանների, մշակութային, էներգետիկ և այլ հարցեր: Նշենք, որ թյուրքախոս պետությունների համախմբման ջատագովը Թուրքիան է, որի ջանքերով էլ, սկսած 1992-ից, անցկացվում են նմանատիպ հանդիպումներ:

Որոշ ժամանակ առաջ Ղազախստանի նախագահի առաջարկով հիմնվել է նաև «Թյուրքախոս երկրների խորհրդարանական ասամբլեա» կազմակերպությունը: Նախատեսվում է ստեղծել միջազգային մի կառույց, որն իր տանիքի տակ կհավաքի «300-միլիոնանոց թյուրքական աշխարհը», և ուշագրավ է, որ այդ կառույցի քարտուղարությունը գտնվելու է Ստամբուլում:

Ավելորդ չէ նշել, որ թյուրքախոս ժողովուրդների միասնական կառույց ստեղծելու և այն զարգացնելու գործում, բացի Թուրքիայից, վերջերս բավական ակտիվ դերակատարություն ունեն Ադրբեջանը և Ղազախստանը՝ հանձինս իրենց նախագահների:

Թյուրքախոս պետությունների և ժողովուրդների համախմբման ձգտումը ճիշտ կլինի դիտարկել թուրքական արտաքին քաղաքականության որոշ գերակայությունների համատեքստում. Թուրքիայի Հանրապետության քաղաքական օրակարգում տարբեր ժամանակաշրջաններում տարբեր ուժգնությամբ արտացոլված և կենսունակ են եղել թուրքիզմ (պանթուրքիզմ, թուրքականություն) և թյուրքիզմ (պանթյուրքիզմ, թյուրքականություն) հասկացությունները:

Ընդ որում՝ եթե թուրքիզմը կիրառվել է ներքին քաղաքականության մեջ, ապա թյուրքիզմին վերապահվել է արտաքին քաղաքականության կարևոր տեղերից մեկը: Մինչ օրս Թուրքիայի ներքաղաքական կյանքում կիրառված թուրքիզմը, այն է՝ թուրքացումը, տվել է շոշափելի արդյունքներ, ընդ որում՝ տարբեր ոլորտներում:

Սակայն կարող ենք ասել, որ թյուրքիզմն առ այսօր չի արձանագրել առավել շոշափելի հաջողություններ. այստեղ հարկ է որոշ բացառություն անել Ադրբեջանի պարագայում, որտեղ թուրքական ներկայությունը բավական մեծ է, որը թույլ է տալիս առանձին շրջանակների պնդել, որ Ադրբեջանը վերածվել է Թուրքիայի նահանգներից մեկի:

Խոսելով Թուրքիայի վարած թյուրքիզմի քաղաքականության նորագույն շրջանի մասին՝ մեր կարծիքով, որպես առավել ակտիվացման սկզբնակետ, պետք է ընդունել ԽՍՀՄ փլուզումը, որը լայն հնարավորություն ընձեռեց այդ քաղաքականության իրականացման համար:

Նորանկախ թյուրքախոս ժողովուրդներն անմիջապես դարձան Թուրքիայի քաղաքական հետաքրքրությունների թիրախ: Սկսվեց թուրք ղեկավարների ակտիվ այցեր միջինասիական թյուրքախոս պետություններ, որոնք անպայման ուղեկցվում էին ընդհանուր ծագման մասին բացահայտ ակնարկներ պարունակող ելույթներով, հայտարարություններով:

Տարբեր երկրներում բացվեցին թուրքական դպրոցներ կամ թուրքերենի կուրսեր, որոնք մեծ մասամբ անվճար դասավանդում են թուրքերեն: Թուրքերենի տարածման խնդրի մասին խոսելիս հարկ է նշել, որ այն տարածված է ոչ միայն թյուրքախոս պետություններում:

Մի փոքր շեղվելով թեմայից՝ ներկայացնենք մի դրվագ, որը լավագույնս արտահայտում է թուրքական քաղաքականության որոշակի ուղղվածությունը:

Այսպես, վերջերս թուրքական կրթական շրջանակների հետ իմ անձնական շփման ժամանակ պարզ դարձավ, որ Թուրքիայի իշխանությունների հովանավորությամբ և աջակցությամբ թուրքերեն է դասավանդվում Սիրիայում ապրող շուրջ 300 հազ. արաբախոս էթնիկ թուրքերի շրջանում:

Թուրք պրոֆեսորներից մեկի խոսքով՝ այս ուղղությամբ կատարված առաջին քայլերը բավական դժվար էին, և թուրքերեն սովորելու գաղափարին շատ ջերմ չէին վերաբերվում հենց իրենք՝ արաբախոս թուրքերը: Սակայն այժմ պատկերը բավական փոխվել է, և այդ էթնիկ թուրքերի բնակավայրերում կարելի է հանդիպել թուրքերեն, թուրքական գրականություն, մշակույթ դասավանդող դպրոցներ, արդեն լուրջ փոփոխություն է նկատվում հատկապես երիտասարդ սերնդի ազգային ինքնագիտակցության մեջ:

Այս ամենը համարել միայն մշակութային կամ լեզվական քաղաքականություն առնվազն միամտություն է. նման տեմպերի պարագայում մի քանի տասնամյակ հետո Սիրիայում կարող է առաջանալ նույնքան ակտիվ և գործուն թուրքական համայնք, ինչպիսին կա Բուլղարիայում, մանավանդ որ թուրք-սիրիական հարաբերություններում նկատվում են ջերմացումներ, որոնց վերջին արտացոլումն էր երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացումը:

Թուրքական ամենատարբեր շրջանակներ ուշադրության կենտրոնում են պահում անգամ Չինաստանում ապրող ույղուրներին. ժամանակ առ ժամանակ տարատեսակ հայտարարություներ են հնչում, որոնք հատկապես սաստկացան վերջին ժամանակներս, երբ Ուրումչիում տեղի ունեցած դեպքերը Թուրքիայի բարձրագույն իշխանությունները որակեցին ցեղասպանություն:

Չպետք է անտեսել նաև ույղուրների թվաքանակը՝ մոտ 30 միլիոն, որը թեև Չինաստանի պարագայում այդքան էլ մեծ թիվ չէ, և նրանք համարվում են փոքրամասնություն, բայց, այնուամենայնիվ, բավական զգալի թիվ է:

Ույղուրների հետ կապված թուրքական քաղաքականությունը երբեմն տալիս է կոնկրետ արդյունքներ: Օրինակ՝ արժե հիշատակել մի դեպք, որը տեղի է ունեցել Երևանում մի քանի տարի առաջ:

Չինաստանից ժամանած մի պատվիրակություն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր. այդ պատվիրակության անդամ մի ույղուր հրաժարվել է մտնել թանգարան ու ծաղիկ դնել անմար կրակին՝ վկայակոչելով թուրքերի հետ ունեցած եղբայրական կապերը:

Ամփոփելով՝ նշեմ, որ թյուրքախոս ժողովուրդներին համախմբելու Թուրքիայի ձգտումը հանդիպում է մի քանի խոչընդոտների, որոնց հետևանքով էլ այդ կառույցը դեռևս չի կարողանում կայանալ:

Առաջին՝ թյուրքախոս ժողովուրդների համախմբման գործում Թուրքիան ինքն իրեն վերապահել է առաջնորդի դեր և գտնում է, որ հենց ինքը պետք է լինի այն առանցքը, որի շուրջ համախմբվեն մյուսները, իսկ ԽՍՀՄ-ից անկախացած կենտրոնասիական պետությունները չեն ցանկանում նոր «մեծ եղբորը»:

Չպետք է անտեսել նաև այն հանգամանքը, որ նորանկախ թյուրքախոս պետությունները, իմ խորին համոզմամբ, գտնվում են իրենց պատմության, մշակույթի նորօրյա մեկնաբանման և վերաձևակերպման փուլում, որտեղ գերակա է ոչ թե համաթյուրքականությունը, այլ իրենց ուրույն, յուրահատուկ լինելն ընդգծելու ցանկությունը:

Դրա մասին են խոսում մի շարք երկներում տեղի ունեցող գործընթացները: Բացի այդ՝ նրանք բոլորն ունեն նաև աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված շահեր, որոնք շատ հաճախ ավելի շոշափելի և ռեալ են, քան համաթյուրքական եղբայրությունը: Այս ամենով հանդերձ՝ պետք է հստակ գիտակցել, որ թյուրքական ժողովուրդների համախմբումը և դրան քաղաքական ուժի կարգավիճակ հաղորդելու գաղափարը գտնվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում, որի ուղղությամբ կատարվող ջանքերը նորանոր դրսևորումներ են ստանում:

Category: News | Added by: Ari-Tun
Views: 752 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

Search

 
Best / News
 
Copyright © 2008-2009"Website builderuCoz By Narek"